Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով մայրաքաղաքի երկու հայտնի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ, որոնք ոմանք համարում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում:
Նրանք պահանջում են վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հայտնի «Բասիանի» և «Կաֆե Գելըրի» ակումբներում երեկ գիշերն իրականացված այդ գործողությունների արդյունքում ձերբակալել է ենթադրաբար թմրանյութերի վաճառքով զբաղվող 8 մարդու:
Վերջին շաբաթներին Թբիլիսիում թմրանյութերի օգտագործման հետևանքով մի քանի մարդ է մահացել:
Ցույցի կազմակերպիչներից մեկը' Դաթո Գաբունիան, հանրահավաքի հարթակից դիմելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին, հայտարարում էր․ «Կախա՛, տե՛ս, քաղաքն այլևս քոնը չէ, այս քաղաքն ամբողջությամբ կաթվածահար է»:
Ցույցերի կազմակերպիչը 2014-ին ստեղծված «Թեթրի խմաուրի» («Սպիտակ աղմուկ») կազմակերպությունն է, որը հանդես է գալիս Վրաստանում թեթև թմրամիջոցների օրինականացման և թմրամիջոցների հանդեպ պետական քաղաքականության ազատականացման օգտին: Կազմակերպության անդամ Բեկա Ցիկարիշվիլիի համոզմամբ՝ Վրաստանի իշխանությունները նման գործողություններով փորձում են երկրում վախի մթնոլորտ հաստատել:
«Մեր համոզմամբ՝ տարիների շարունակ այս երկրի գլխավոր խնդիրը եղել է ոստիկանական պետության առկայությունն ու ոստիկանների անպատժելիությունը: Մայիսի 12-ի մղձավանջը այդ ոստիկանական պետության ևս մեկ դրսևորումն էր: Դա նաև հասարակության որոշակի խմբերին ահաբեկելու փորձ էր: Մեր համոզմամբ՝ տեղի ունեցածը ուժի ցուցադրություն էր, որ ուղեկցվեց մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմամբ»,- նշում էր Ցիկարիշվիլին: