Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին: Պատճառը Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումն է, որը խլել է ավելի քան 60 պաղեստինցու կյանք: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Իսրայելի դեսպան Էյթան Նաէհը մայիսի 15-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, թե ճիշտ կլինի միառժամանակ վերադառնա իր երկիր: Պաշտոնական Անկարայի կողմից նման քայլի գնալուց հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել Երուսաղեմում Թուրքիայի դեսպան Հյուսնու Գյուրջանը: Նրանից պահանջել են «որոշ ժամանակով բանակցությունների համար» վերադառնալ Թուրքիա:

Այս քայլերից հետո մայիսի 16-ի առավոտյան պարզ է դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է վերադառնալ իր երկիր:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Իսրայելում և Միացյալ Նահանգներում իր դեսպաններին:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է 60 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:

Թուրքիայի բարձր ղեկավարությունը խիստ քննադատություններ է հնչեցրել Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նա կատարվածում մեղավոր է հայտարարել նաև Միացյալ Նահանգներին՝ հայտարարելով, որ անիծում է թե՛ Իսրայելին, թե՛ Միացյալ Նահանգներին: Թուրքիայում կատարվածի առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարվել: