Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Սեիդովից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ: Այս մասին որոշումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը:

«ԵԽԽՎ հանձնաժողովը ճանաչել է, որ Պեդրո Ագրամունտը և Ժորդի Շուկլան մեղավոր են վարքագծի կանոնները լրջագույնս խախտելու մեջ՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ»,- հայտնել է Արիևը: Նա տեղեկացրել է նաև, որ նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

Ակնկալվում է, որ ԵԽԽՎ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Եվրոպայի խորհուրդը 2017 թվականից սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:

Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի: Ադրբեջանը հերքել է ներկայացված բոլոր մեղադրանքները: