Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր ահազանգեր է ստացել, որ արձակուրդ գնալու, տնօրենի ծննդյան օրվա, ինչպես նաև աշխատանքի ընդունվելու համար թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները ստիպված են լինում գումար տալ տնօրենին:
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այցելել է պոլիկլինիկա՝ պարզելու՝ ինչ է կատարվում այնտեղ. «Աշխատավարձի օրերին ասում եք՝ ինչների՞դ է պետք աշխատանքային պայմանագիրը, արձակուրդի գնալու համար Ձեզ պետք է վճարեն»,- դիմելով տնօրենին՝ ասաց Խաժակյանը:
16 պոլիկլինիկայի տնօրենը պարզաբանեց՝ աշխատողները արձակուրդ գնում են իրենց հաշվին. «Ենթադրենք՝ այսօր գալիս են և արձակուրդ ուզում, բայց մենք դա չենք կարող անել, քանի որ 3 օր առաջ նրանց արձակուրդային պետք է վճարենք օրենքի շրջանակներում: Մեկ-երկու անգամ նման դեպք եղել է, երբ պետք է հեռանային հանրապետությունից: Արձակուրդային գնալը պետք է տրվի աշխատողի դիմումի համաձայն: Մեզ մոտ չի կիրառվում կարգը, ըստ որի՝ տվյալ մարդուն ըստ գրաֆիկի ուղարկենք արձակուրդ, ում այդ պահին հարմար չէ, որովհետև գուցե իրեն այլ օր հարմար լինի գնալ արձակուրդ»,- նշեց տնօրենը:
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ ստուգման արդյունքում պարզել են, որ անհամապատասխանություն կա հաստիքացուցակում առկա թվերի և փաստացի ստացված գումարի միջև: Նա պոլիկլինիկայի բժիշկների հետ զրույցից հետո արձանագրեց, որ մանկաբուժական բաժինն ունի հաստիքային վարիչ, որը գոյություն չունի:
«Մանկաբուժական բաժնի որևէ աշխատակից չկարողացավ ասել՝ ով է բաժնի վարիչը: Մենք հաշվապահութոյւնից իմացանք, թե ով է վարիչը, գտանք այդ մարդուն և նա հաստատեց, որ ինքն է: Չի կարող նման բան տեղի ունենալ, որ մարդը զբաղեցնի մի պաշտոն և բաժնից որևէ մեկը չիմանա դրա մասին»,- ասաց Խաժակյանը:
Տեսանյութը՝ 1in.am-ի: