Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով ասաց՝ Բաղրամյան 26-ից դատական համակարգին ուղղված հրահանգներ չեն լինելու: 

«Ինձ զեկուցում են, որ Հայաստանումմ դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, այն պատճառով, որ դատարանները և դատավորները չգիտեն ինչ անեն,  ինչպես վարվել: Իսկ ինչու, քանի որ նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով, և գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել դատական համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասեմ, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ գիծը: Մենք պետք է հնարավորություն տանք 2 բանի, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ և, երկրորդը, փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու ճանապարհը: Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին հրահանգ տալ որևէ գործով»,- ասաց նա:

 

Փաշինյանը նաև անդրադարձավ կալանքի սանկցիաներին և ասաց, որ պետք չէ բոլոր դեպքերում կալանավորելու որոշում կայացնել, քանի որ ՔԿՀ-ներում խնդիր է առաջանում. «Կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի քնելատեղերի թվին, երբ կալանավորները հերթով են քնում և խոշտանգվում են»,- նշեց նա: