Վաղ առավոտից «Սասնա Ծռեր» զինված խմբի աջակիցները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք։ Նրանք պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
«Մեր նորանշանակ վարչապետը, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նրան ենթակա մեկը ոտնահարում է իրականությունը և հայտարարում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, սա հիմք է տալիս մեզ մտածել, որ այն կառույցը, որն այդտեղ տարիներ շարունակ գործել է ապօրինի, ժողովրդական այս զարթոնքից հետո նորից գործում է ապօրինի ու ցանկանում է նորից վերադարձնել Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Մինչև դատախազը հրաժարական չտա, այս կառույցը չի կարող աշխատել, քանի որ այն չի աշխատում է ի շահ ժողովրդի»,-նշել է ցուցարարներից մեկը։
Նշենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց «Սասնա Ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները, որից հետո թեև պողոտան բացվեց, սակայն Ծռերի աջակիցները շրջափակել էին Շենգավիթի դատարանի շենքը, որպեսզի «Սասնա Ծռերին» չկարողանան հանել այնտեղից: Սակայն գիշերը ոստիկանությանը հաջողվել էր շենքից դուրս բերել դատապարտյալներին:
Քիչ առաջ «Սասնա Ծռերը» հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով նախորդ օրը «Սասնա Ծռերի» դատարանից ՔԿՀ տեղափոխելուն:
«Երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ դատարանում փակված «Սասնա Ծռերն» իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։
Սակայն այսօր «Սասնա Ծռերը» հերքում են այդ տեղեկությունը՝ նշելով, որ նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ ասել են՝ քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, իրենք մնալու են դատարանում։
Կարծում ենք՝ ԱԱԾ-ի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրվել։ Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերի» հետ դատարանում գտնվող այլ կալանավորներին, ապա նրանք նախորդ օրն էին տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սոնա Հարությունյան