«Գլենդել Հիլզ» ընկերությունից տուժաժ 350 քաղաքացիներ պատրաստվում են կոչով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույյցում այս մասին ասաց տուժած քաղաքացիներից մեկը․«Խուլիգանները մեր տների փողերը  տարան-կերան։ 350 հոգուց հավաքեցին բնակարանների կանխավճարի 40 տոկոսը։ Ես անձամբ վճարել եմ 50 հազար դոլար, 55 հազար դոլար էլ քույրս էր վճարել և այսպես՝ մեզ նման 350 հոգի։ Ասում են՝ այդ փողերից խուլիգան Սաշիկն է իր փայաբաժին 50 տոկոսը վերցրել, շենքերը չեն կառուցվել, «Գլենդել Հիլզ» ընկերությունն էլ ճանաչվել է սնանկ և արդեն տարիներ շարունակ 350 հոգիս մնացել ենք դրսում, փողոցում, ապրում ենք վարկերով»,-ասաց ընկերության գործունեությունից տուժած քաղաքացին։

 

Վերջինս նշեց, որ ընկերության գործունեությունը քրեական տարրեր է պարունակում, ուստի՝ նոր կառավարությունը պետք է կարողանա բացահայտել դա։

«Գլենդել Հիլզ»-ը Ամերիա բանկից գումար է վերցրել, որը չի վերադարձել և բանկն էլ այդ կիսակառույցներն է պարտքի դիմաց վերցրել։ Այս գործում խառնված է նաև ՎՏԲ բանկը։ Ստացվել է մի խառնաշփոթ պատմություն: Սա քրեական գործ  կարող է դառնալ և մեր պահանջն է նոր ձևավորված կառավարությունից՝ հետամուտ լինել և բացել այս մութ գործը»,-ասաց քաղաքացին։ 

«Մենք պահանջում ենք բացահայտել, թե դատավորը որքան գումար է վերցրել «Գլենդել Հիլզ» ընկերությանը սնանկ ճանաչելու համար։ Սա պետք է բացահայտել»,-նշեց քաղաքացին։

Նշենք, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: