Արարատի մարզում գտնվող «Դժոխքի ձորը» (Դժոխաձոր, Արածո կիրճ) քայլարշավային զբոսաշրջության հայտնի վայրերից է, որի տարածքը վերջերս ցանկապատել են՝ արգելելով մարդկանց մուտքը: Մինչև 2017 թ. վերջը, «Դժոխքի ձոր», մուտքի որևէ իրավական արգելք չկար, և այցելուները կարող էին մտնել այս տարածք՝ առանց որևէ թույլտվության: Սակայն 2018 թ. հունվարին «Դժոխքի ձորի» սկզբնամասում նկատվել է տեղադրված տեղեկատվական վահանակ, որի վրա գրված է, որ տարածքը հանդիսանում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան կազմակերպության հսկողության գոտի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, երկրաբան Տիգրան Լորսաբյանն, անդրադառնալով վերը նշված հանգամանքին, ասաց՝ տեղյակ չէ, թե ովքեր և ինչու են որոշել փակել Դժոխքի ձորը. «Ինձ համար միայն մի բան է ընդունելի, որքան էլ կենդանիների պաշտպանության հետ կապված գործողություններ իրականացնեն, այն չպետք է վնասի էքստրեմալ տուրիզմի զարգացմանը, տարածքի վայրի մնալուն, ձևափոխությանը: Տեսել եմ ցանկապատը, որով փակած էր կիրճի բերանը (որն, ի դեպ, կարող է կենդանիների ազատ տեղաշարժի համար խոչընդոտ լինել), պլաստմասսե խողովակով վերևից ջուր էր բերված, խաղողի ոստեր կար տնկած, մի քանի նոր ծառ էր տնկած։ Դրանից ավել ձևափոխությունը ո՞նց է լինում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչ նպատակով է դա արվում։