ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, որը վկայում է քաղաքացիական կրթության և ժողովրդավարական արժեքների բարձր նշաձողի մասին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մաղթանքների համար և, ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը` շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար Ֆրանսիայի Հանրապետության հետ ունի ջերմ ու բազմաշերտ հարաբերություններ, որոնք Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է առավել խորացնել և զարգացնել: Այս համատեքստում ԿԳ նախարարն ընդգծել է աշնանը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը միջպետական հարաբերություններին նոր որակ կտա և նոր հեռանկարներ կապահովի հատկապես կրթական ծրագրերի համար:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին: Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս այս համալսարանի՝ Հայաստանն և Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը:

Դեսպան Լաքոտը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով ևս մեկով: Հետևաբար, դեսպանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին և երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ մի շարք հարցերի: