Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մայիսի 13-ին և 18-ին մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառումներում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության ձևավորմանը' ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի: «Հարյուր տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը և աշխարհի քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայոց պետությունը», - նշեց ՀՀ դեսպանը:
Միջոցառումների շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով իր ելույթում բովանդակալից ներկայացրեց Առաջին Հանրպետության ստեղծման և գործունեության պատմությունը, դերը ժամանակակից հայոց պետականության կառուցման գործում: