Մայիսի 28-ն, անկասկած, մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում, քանի որ 1918 թվականի այս օրը մեր ժողովուրդն իր կամքը թելադրեց՝ հերոսաբար պաշտպանելով սեփական ուժերով ապրելու իր իրավունքը և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ դրեց:
Պարզ էր, որ Արևելյան Հայաստանին սպասվում էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը, բայց ի փառս մեր ազգի՝ թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանն ու այդ հողի վրա ապրող հայությանը:
Շնորհավորելով բոլորիս պետական այս տոնի կապակցությամբ՝ մեր հաղթանակած ազգին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք: Պետք է հիշել նաև, որ անկախությունը երբեք հեշտ չի տրվում, հաղթանակները չեն ընկնում որպես երկնային պարգևներ և ժողովուրդները դրանք վաստակում են մեծ դժվարություններով, զոհողությունների գնով և պահպանում նույնքան, և անգամ՝ ավելի մեծ դժվարությամբ և մաքառումով:
Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյան