Չնայած Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ԵԼՔ դաշինքում փոփոխություններ չեն նկատվում: Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ԵԼՔ-ի անդամ մյուս երկու կուսակցությունները շտապեցին Նիկոլ Փաշինյանի ընտրած ճանապարհը համարել միակ ճշմարիտը և ամեն կերպ հաճոյանալ երկրի նոր վարչապետին, ում ընտրած ռազմավարությանը ծայրաստիճան հոռետեսությամբ էր ընդունվել վաղեմի զինակիցների մոտ: Ստացվում է՝ մասնավորապես Էդմոն Մարուքյանն, ընդունում է այն փաստը, որ ինչպես Փաշինյանն էր պնդում՝ Էդմոն Մարուքյանի հայտնի հոդվածում գծագրված ճանապարհը մի քանի անգամ տրորված է մասնավորապես ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի կողմից: Երեք կուսակցություններից ստեղծված դաշինքում Նիկոլ Փաշինյանի թիմն այժմ առավելություն ունի, միայն թե «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում հեշտությամբ զիջել իր դիրքերը և ինչպես նախկինում, հիմա էլ շարունակում է հանդես գալ ներքին ընդդիմախոսի դիրքերից:
Այժմ էլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն է հայտնվել Մարուքյանի թիրախում, մասնավորապես՝ ՀԱՊԿ կազմում մնալու որոշումը: Ընդ որում, Մարուքյանի դժգոհություններն ուշագրավ կերպով ծայր առան հենց այն պահին, երբ պարզ դարձավ, որ ձախողվում է Մարուքյանի՝ գլխավոր դատախազ դառնալու «օպերացիան»: Տեղեկատվություն կար, որ Մարուքյանը հենց այս պաշտոնն է ցանկանում ստանալ և այդ պատճառով է որոշել ԱԺ-ում ոտքը կախ գցել: Բայց Մարուքյանին այս հարցում չօգնեց անգամ ԱԺ-ում Արթուր Դավթյանին կրակի տակ առնելը: Մյուս կողմից՝ Մարուքյանը հասկանում է, որ դաշինքի ներսում իրավիճակը սրելով, կարող է կորցնել անգամ եղածը, դա է պատճառը, որ քննադատելու հետ մեկտեղ, պատեհ պահը չի կորցնում Փաշինյանի պայքարն այս փուլում գովաբանելու համար:
Ի դեպ, Փաշինյանն այս պարագայում մանևրելու և դաշնակիցներ ընտրելու հարցում այնքան էլ մեծ ընտրություն չունի: Երբ էլ կայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Փաշինյանն այդ ընտրություններին գնալու է ԵԼՔ դաշինքով, քանի որ նրա ղեկավարած կուսակցությունը թեև ինստիտուցիոնալ առումով ձևավորված կառույց է, սակայն չունի ընտրություններին միայնակ մասնակցելու և հաղթելու համար անհրաժեշտ ռեսուրսային բազան: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն հենց Նիկոլ Փաշինյանն է: Այս փաստը ձեռնտու է ԵԼՔ-ի անդամ մյուս երկու կուսակցություններին, որոնք հիմա կարող են մտնել առևտրի մեջ՝ շատ լավ հասկանալով, որ արդեն իսկ ապահովել են իրենց ներկայությունը հաջորդ գումարման խորհրդարանում:
Ստելլա Խաչատրյան