Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազանի և ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ուշադրությունը հրավիրեց մի արատավոր երևույթի վրա, որը մեր երկրում առկա է տարիներ շարունակ։  

Ըստ Բագրատյանի՝ մեր հազարավոր գործարարները հատուկ թղթապանակներ ունեն, որտեղ պահվում է կատարված խոշոր գործարքների 30 տոկոսը, մնացածը գրպանվում էր։ «Այս պրակտիկան մեր հազարավոր գործարարներ գիտեն և տեղյակ են։ Հիմա հարց է առաջանում՝ նոր կառավարությունը կկարողանա՞ այս արատները հստակ թիրախավորել, քանի որ նման քաղաքականությունը միշտ եղել է»,-ասաց Բագրատյանը՝ ընդգծելով, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

 

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ որևէ բան թաքցնել պետք չէ և պետք չէ  նաև շտապելով գնահատականներ տալ,  կոռուպցիոն սխեմաներ որակել, քանի դեռ առկա չեն նախաքննության արդյունքները։ 

«Այն ժամանակ, երբ հայտնի կլինեն արդյունքները, մարդիկ կկրեն պատասխանատվություն»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։ 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ ՊԵԿ համակարգը աշխատել է արդյունավետ և  ներկայացրեց հարկային մուտքերի գնահատականը, իրականացված բարեփոխումները և նշեց, որ ինչ վերաբերում է անձերին տրվող գնահատականներին, ապա ինքը ձեռնպահ կմնա։