Երեկվանից ստուգումներ են սկսվել Հայաստանի օլիգարխիայի խորհրդանիշներից մեկը համարվող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ըստ որոշ տեղեկությունների էլ, այսօր ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Ալեքսանյանի բնակարան՝ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նման զարգացումներն առավել քան տրամաբանական էին և սպասելի: Երեկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, երկընտրանքի առջև էր կանգնեցրել օլիգարխիային՝ պետության նկատմամբ անմնացորդ կատարել իրենց բոլոր ֆինանսական, հարկային պարտավորությունները կամ գործ ունենալ ԱԱԾ-ի հետ, բնականաբար՝ բանտում հայտնվելու հեռանկարով: Եթե դիտարկելու լինենք վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ ընդգրկված է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, ապա անչափ տարակուսելի վիճակագրության ականատես կլինենք:
 
Վերջին երեք տարվա ընթացքում Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերության կողմից վճարվող հարկերը տարեկան միջին հաշվով նվազել են 3,5-4 մլրդ դրամով: Ավելորդ է անգամ նշել, որ 3 տոկոս հարկերի կրճատումը խոշոր բիզնեսի համար շատ մեծ ցուցանիշ է և շատ ուղղակի կերպով անդրադառնում է պետության բյուջեի մուտքերի վրա: Ի դեպ, ուշագրավ է, որ օրերս Սամվել Ալեքսանյանը լրագրողների ճշտող հարցին, թե հիմա արդեն միայն բիզնեսո՞վ է զբաղվելու, կարճ պատասխանել է` այո՛: Ալեքսանյանի պատասխանն անչափ ուշագրավ է և վկայում է Հայաստանում ձևավորած նոր իրավիճակի մասին: Ըստ ամենայնի` ԱԱԾ հակակոռուպցիոն գործողություններն արդեն հանգեցրել են գործնական հետևանքի. քրեաօլիգարխիայի շրջանում ակնհայտ են խուճապային տրամադրությունները, որոնք արդեն առաջիկա շաբաթներին անխուսափելիորեն հանգեցնելու են ՀՀԿ նույնիսկ ֆորմալ մեծամասնության փլուզմանը խորհրդարանում: Հատկապես, որ առնետավազքը ՀՀԿ-ից՝ շարունակվում է: Մյուս կողմից՝ այս ստուգումները չպետք է շրջանցեն նաև մեր մյուս օլիգարխների առևտրի կենտրոններին, այն պարզ պատճառով, որ եթե Սիթիների «անունն է դուրս եկել», դեռ չի նշանակում, որ մյուսներն աշխատել են հարկային դաշտում և պետությունից ոչ մի կոպեկ չեն գողացել:
 
Այս «ուսումնասիրությունները» հերթակա՞ն բնույթի են, թե՞ տեղավորվում են «մեծ շնաձկներ» բռնելու օպերացիայի մեջ, կերևա առաջիկայում: Վատը թերևս այն է, որ Սամվել Ալեքսանյանն այս օրերին ԱԺ-ում էլ սփոփանք չունի. «չհամոզվող» Ռուբեն Հայրապետյանն էլ այնտեղ չէ..
 
Ստելլա Խաչատրյան