Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում չորս մարդ հոսպիտալացվել էր, որոնց թվում էր նաև համայնքապետ Կարո Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուր Բաղդասարյանը: Արդեն մայիսի 28-ին գյուղի բնակիչ Արմեն Դավթյանը մեղայականով ներկայացավ Աշտարակի ոստիկանության բաժին:
Ենթադրյալ հանցագործի մասին տեղեկություններ իմանալու, ինչպես նաև հոսպիտալացվածների առողջական վիճակի հանգամանքներին ծանոթանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց համայնքի ղեկավարի հետ. «Արմեն Դավթյանը սովորական մարդ է, ինչպես գյուղի մյուս բնակիչները՝ իր ընտանիքով, իր շրջապատով. բնավորության մեջ առանձնահատկություններ չեմ նկատել, որպեսզի կարողանամ բնութագիր տամ: Զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով»,- նշեց Կարո Բաղդասարյանը: Մեր այն դիտարկմանը, թե նախկինում Արմեն Դավթյանը ներգրավված է եղել տարաբնույթ միջադեպերի մեջ, գյուղապետն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, բայց մարդ է, հնարավոր է, որ եղել է»:
Խոսելով վիրավորների, այդ թվում՝ նաև իր եղբոր առողջական վիճակի մասին, նշեց, որ նրանք դեռևս հիվանդանոցում են, բայց բոլորի վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Մեզ հետ զրույցում նկատելի էր նաև համայնքապետի վրդովմունքը իր և մտերիմների՝ գողական աշխարհի հետ կապ ունենալու լուրերի պատճառով. «Օրինակ՝ ասում են, իբրև թե, համայնքի ղեկավարը քրեական աշխարհի հետ խնդիրներ ունի. չեմ հասկանում՝ ինչը ինչի հետ են կապում»:
Կարդացեք նաև՝ Նոր մանրամասներ Կարբիի դեպքերից. թեմային խառնված է «հարց լուծող» Քոնչոն