Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով:  Միևնույն ժամանակ, Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով, և դա արդեն իսկ Արսեն Հարությունյանի ղեկավարած կառույցի շնորքն է: Խորհրդարանում ներկայացրած զեկույցից հետո այսօր Ջրպետկոմի նախագահը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ընդհանրապես, Հարությունյանի ղեկավարման տարիներին  նրա գլխավորած կառույցը մշտապես հայտնվում էր բնապահպանների և ընդհանրապես՝ սրտացավ քաղաքացիների քննադատության թիրախում: Շատ էր խոսվում այն մասին, որ Սևանի դանդաղ ճահճացումը կառավարության վարած հատուկ քաղաքականության արդյունք էր, որը հսկայական օգուտ էր բերում ՀԷԿ-ի տերերին և աղետի շեմին կանգնեցնում գյուղատնտեսությունը:
 
Ստացվում է՝ ՀԷԿ-երի համար մեր երկրում բավականաչափ ջրային ռեսուրս կա, իսկ, օրինակ, գյուղացիների համար՝ ոչ: Իսկ պատճառն այն է, որ ՀԷԿ-ի թիկունքում կանգնածներն ավելի մեծ օգուտ կարող են բերել նրանց կտուր տվող մարմիններին, քան խեղճուկրակ գյուղացիները:Խոսքը, մասնավորապես, Սեւան-Հրազդան կասկադի մասին է, որը ՀԷՑ-ի սեփականությունն է, որն էլ իր հերթին՝ պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Դա բազմաթիվ հիմքեր է տալիս ենթադրելու, որ Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու պատճառն իրականում կասկադն էր, դրա արտադրած էներգիան եւ ստացած շահույթն ավելացնելը:
 
Այս տարիներին թե՛ կառավարության, թե՛ մասնավորապես Ջրպետկոմի կողմից Սևանի նկատմամբ մշտապես եղել է հատուկ քաղաքականություն՝ ջրի մակարդակը չբարձրացնել: Սևանի հարցերով ստեղծված նախագահական հանձնաժողովն ամիսներ առաջ այդ կարծիքն ավելի կարծրացրեց: Ջրպետկոմի կողմից տարված քաղաքականության համար կան մի քանի գլխավոր պատճառներ: Առաջին պատճառն այն է, որ Համաշխարհային բանկը չէր ցանկանում, որպեսզի լճի մակարդակը բարձրանա: Երկրորդ, լճի մակարդակի բարձրացումը ֆինանսական ծախսեր է ենթադրում, կառավարությունը չուներ կամ չէր ցանկանում տրամադրել այդ գումարները, չէր ցանկանում ճանապարհների և մնացած ենթակառուցվածքների համար փող ծախսել: Երրորդ, օլիգարխները Սևանի ափամեձ տարածքում ունեն առանձնատներ, ջրի մակարդակի բարձրացման դեպքում դրանք պետք է քանդվեին: Հասկանալի են Հարությունյանի ղեկավարած կառույցի հիմնական մոտիվացիաները, սակայն դա չի նշանակում որ նոր իշխանությունները պետք է շարունակեն նրա ձեռագիրը: Բոլոր կոռուպցիոն երևույթները պետք է արմատախիլ արվեն, մեղավորները պատժվեն, իսկ գյուղացուց գողացված ջուրը վերադարձվի:
 
Ստելլա Խաչատրյան