Ներքին անվտանգության ապահովման գործում կարևորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն է։

Այսպես է կարծում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած քաղաքական թիմը:

Այսօր ̀ Ազգային ժողովում, պատգամավորների հավանությանը ներկայացված ծրագրում ներքին անվտանգությանը վերաբերող բաժնում ասվում է, որ անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

- բարձրացնել իրավապահ համակարգի՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով,

- հանրության և հատկապես երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ անել այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները. կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Հանրային անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հանրային հարցերում բռնության բացառման շուրջ հանրային համաձայնության հասնելու ուղղությամբ։

Սա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա հասնել ներքին անվտանգության և հանրային համերաշխության անհամեմատ ավելի բարձր աստիճանի և թույլ կտա քաղաքական գործունեության հետ առնչվող գործերով բանտերում հայտնված գործիչներին ազատ արձակել և հասնել հանրային համերաշխության առավել բարձր մակարդակի։

Այս համաձայնությունը, սակայն չի կարող մեկնաբանվել որպես հանրային և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման բացառում։

Ներքին անվտանգության ապահովման իմաստով կառավարությունը կարևորում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Այս իմաստով հարկավոր է միջնաժամկետ հեռանկարում քննարկել ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար։