ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական առումով իր ղեկավարած կառավարության կարևորագույն խնդիրն է համարում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձի ակտն անբեկանելի դարձնելը: «Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա: Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը  գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսիր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը մեր երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը տնարարական համակարգի միջոցով իշխանություն փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»,-ընդգծեց Փաշինյանը:

 

Վարչապետն ասաց, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի, դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել: «Բացի այդ, այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն կտա իրականացնել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաջորդ հարցը, որը կարող է ծագել, հետևյալն է՝ ինչո՞ւ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Պատասխանը շատ պարզ է՝ ինչպես հեռացել է ընտրակեղծիքներով և կաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով և ընտրակաշառքներով ձևավորված օրենսդիր իշխանությունը»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ առաջիկա ժամանակահատվածը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար: «Իսկ այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հստակեցրեց, որ իրենց գործունեության կարևորագույն կողմը լինելու է ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի ՀՀ օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, այլ քայլերը, որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխելն է: «Այդ փոփոխությունների մի զգալի մասը չի պահանջում օրենսդրական և կառուցակարգային որևէ փոփոխություն, որևէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը քաղաքական կամքի գործադրում»,- նշեց Փաշինյանը: