Ինչպես տեղեկացրել ենք, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած ծրագիրը։ Ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նկատեց, որ ցանկություն չուներ ելույթ ունենալ, բայց ցանկանում է պատասխանել Շարմազանովի այն հարցադրմանը, թե ով պետք է պատասխանատվություն կրի նոր կառավարության ներկայացրած ծրագրի համար։
«Մենք բոլորս ենք պատասխանատու, մենք մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ հաջողենք, դա չի նշանակում, որ չպիտի լինի ընդդիմություն։ Վստահաբար եմ ասում՝ շատ լավ է, ու Հանրապատական կուսակցությունը լավ ընդդիմություն է։ Ես միանում եմ Շարմազանովի դիտարկմանը․ այս ծրագրում շատ կուզեի տեսնել անդրադարձ հանքարդյունաբերության զարգացմանը, անկեղծ ասած՝ չեմ էլ պատկերացնում աշխատատեղերի ստեղծում առանց լեռնամետալուրգիայի։ Մի երկիր, որի բնակչության 1/3-ը աղքատ է, չի կարող իր բնական ռեսուսրներին խնամքով չմոտենալ։ Մենք ծանր վիճակում ենք, մենք պիտի կարողանանք այդ բնական ռեսուրսներն օգտագործել, որպեսզի ոտքի կանգնենք։ Միանշանակ, միանում եմ նաև պարոն վարչապետի խոսքին, որ պիտի հսկենք, որ էկոլոգիական որևէ խախտում չլինի, բայց պիտի բարդություններ չառաջացնենք։
Եվ ինչ էի ցանկանում ասել՝ այո՛, ծրագրի համար, քաղաքական առումով, պատասխանատու է գործող կառավարությունը: Մեզանից յուրքանչյուրն ինքն է որոշում, թե ինքն ինչքանով է պատասխանատու։ Անձամբ ես՝ պատասխանատու եմ գործող կառավարության համար՝ որպես մարդ»,-ասաց Արամ Սարգսյանը։
Տեսանյութը՝ Factor.am-ի։