Այսօր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Նորատուսցի Հայկո մականվամբ հայտնի Հայկ Հակոբյանի աղմկոտ սպանության գործով դատական նիստից առաջ:

Ըստ տեղեկությունների՝ գործով ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատը կրակել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի եղբոր ուղղությամբ: Վերջինս հրազենային վիրավորում է ստացել ծնկի հատվածում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից նշեցին, որ կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացել են: Խումբն աշխատում է վայրում. «Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնեցին ոստիկանությունից։