Կառավարությունն այսօրվա նիտում արտոնություն տվեց «Անիտեքս» ընկերությանը: Այս ընկերության բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերն են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարրի Նազարեանները: Կառավարության նախորդ նիստին էլ Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը  թույլատրվեց Թուրքիայից և Ուզբեկստանից տրիկոտաժե գործվածքներ ներմուծել Հայաստան՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: 

 

Օրերս Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ն հայտնաբերել էր ավելի քան 40 մլրդ դրամի ապօրինի շրջանառություն և պետությանը չվճարված ավելի քան 8 մլրդ դրամի հարկ և պահանջ դրել՝ դրանք անհապաղ վերադարձնել բյուջե: Վերադարձվել է թե ոչ՝ հայտնի չէ, սակայն ահա արդեն երկու շաբաթ է, ինչ կառավարությունը արտոնություններ է շնորհում նույն Ալեքսանյանին պատկանող ընկերություններին: Ի՞նչ է սա՝ մտրակի և բլիթի քաղաքականությո՞ւն, թե՞ Փաշինյանի կաբինետը փորձում է ցույց տալ, որ այնտեղ, որտեղ գործարարները կփորձեն օրենքին հակառակ գնալ՝ կպատժվեն, իսկ մաքուր աշխատելու դեպքում չեն հայտնվի ԱԱԾ կամ ՊԵԿ թիրախում:  Կառավարության նման գործելաոճը մեսիջ է նաև մյուս օլիգարխներին:

Ի դեպ, դժվար է հավատալ, որ կոռուպցիոն սխեմաների սիրահար Սամվել Ալեքսանյանը թեթև արդյունաբերության ոլորտում համեստորեն զերծ է մնացել դրանք ներդնելուց: Սակայն այստեղ, ի տարբերություն Ալեքսանյանի այլ բիզնեսների, ստուգումներ ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել: Մի՞թե պատկան մարմինները այդքան վստահ են, որ Ալեքսանյանի դստեր ղեկավարած ընկերությունն ընդհանրապես զերծ է կոռուպցիոն ռիսկերից:

Թերևս հանրության կողմից կառավարության նման որոշումները միանշանակ չեն ընկալվելու հանրության շրջանում: Գուցե հաջորդ անգամ Փաշինյանի կաբինետը որոշի արտոնություն տրամադրել նաև մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այս տարիների ընթացքում մշտապես անտեսված են եղել իշխանությունների կողմից՝ հօգուտ «ալեքսանյանների»:

 

Ստելլա Խաչատրյան