Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունները լայն տարածում ունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այդ խնդիրը համարվում է 21-րդ դարի մարտահրավեր:
«Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների տարածվածությունը վիրուսային հեպատիտից ոչ պակաս մտահոգիչ է: Գոյություն ունեն ռիսկի խմբեր, որոնց շրջանում նման հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծ է: Խոսքը վերաբերում է ավել քաշ ունեցողներին, հիպերտոնիկներին, դիաբետիկներին, այն անձանց, որոնց արյան մեջ հայտնաբերվում է ճարպային փոխանակության խանգարումներ»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների երիտասարդացում չի նկատվում, այն ավելի շատ հանդիպում է 45-ից բարձր անձանց մոտ, հիմնականում, տղամարդկանց շրջանում:
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանը, խոսելով հիվանդությունների առաջացման պատճառների մասին, նշեց, որ ոչ առողջ ապրելակերպը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:
«Ֆիզիկական պասիվությունը, ոչ ճիշտ սննդակարգը արդեն լուրջ պատճառ են: Այսօր այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հիմնականում մարդիկ նստակյաց են, քիչ են շարժվում, դրա հետ մեկտեղ օրվա մեջ ուտում են օրը մեկ անգամ և շատ, դրանից բացի ուտում են գիշերվա ժամերին, ահա դա արդեն խնդիր է»,-ասաց Արեգնազ Մխիթարյանը:
Մասնագետները կարևորեցին կանխարգելման միջոցառումները: Նրանք ընդգծեցին, որ հասարակության շրջանում լայնորեն քարոզչական աշխատանքի անհրաժեշտություն կա: Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է, որն առիթ է մեկ անգամ ևս խոսելու այդ հիվանդությունների տարածվածության, կանխարգելման մասին: