Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Այս մասին որոշումը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց դատավորը:

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե արդարացրեց նրան, այլ նրանց խափանման միջոցը փոխեց ստորագրությամբ չհեռանալու մասին:

Նշենք՝ այսօր՝ հունիսի 13-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Սեֆիլյանը և մյուսները պահանջում են արդարացնել իրենց:

Օրեր առաջ Սեֆիլյանի ազատության համար երաշխավորագիր են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իսկ Սաֆարյանի և Պողոսյանի համար երաշխավորագիր ներկայացվել էր դեռ անցած շաբաթ:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 ու կես տարի ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով՝ Գևորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: