«Մենք պետք է նոր տրամաբանությամբ լուծենք հին խնդիրները, այլ՝ ոչ թե հինը «տյունինգ» անենք ու ասենք, որ խնդիր ենք լուծում»։ Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս չի կարող կիրառել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, սակայն կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց. «Ես չեմ հասկանում' Հայաստանում երթևեկության կանոնները ինչ–որ մեկը չեղյա՞լ է հայտարարել»: Հիմա ասենք՝ ինչ-որ վայրում ծեծկռտուք է եղել մարդկանց միջև: Եկեք մարդկանց վրա տեսախցիկներ դնենք, որ ով որտեղ խախտում անի, արագ, օպերատիվ արձագանքենք: էլ չեմ ասում, որ դեմ ենք ընտանեկան բռնությանը, եկեք տներում տեսախցիկներ տեղադրենք, որ արագ արձագանքենք», – նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ ինչ էլ ասեն, կասեն ճանապարհների վիճակը վատ է:
Վարչապետը նշեց, որ այստեղ առաջանում են հակասություններ «Մենք ասում ենք' մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք, այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարեցնենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունը, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Փարոսիկ եք դնում, որ ասեք՝ ժպտացեք ձեզ տուգանում են։ Չի՛ լինելու, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, ու կոչ եմ անում, որ բոլոր գերատեսչություններ ընդունեն ի գիտություն։ Հարցը հետաձգվում է»,– նշեց Փաշինյանը։