«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանն ապրում է թավշյա հեղափոխության իրականությունում: Այսինքն, ինչպես այս օրերին ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ հասարակական տրամադրությունները շարունակում են հակասական մնալ: Մի մասը գոհ է, որ, իրենց գնահատմամբ, քաղբանտարկյալների խափանման միջոց կալանքը փոխվեց և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, մյուս մասը հակառակ կարծիքի է: Մի մասը հորդորում է սեղմել ատամները, զինվել համբերությամբ ու սպասել, քանի որ շատ շուտով շատ լավ է լինելու: Մյուսները հուսահատությունից կորցրել են ժամանակի զգացողությունը և որևէ լավ «բանի» այլևս չեն կարողանում հավատալ:

Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ հայկական պետականության նավն այս պահին կանգնած է: Այն ոչ մի տեղ էլ չի գնում: Եվ դեռ կողմնորոշման փուլում է. փորձում է գիտակցել ու հասկանալ, որ ինքն այսօր ազատության մեջ է:

«Դրսից, ներսից տարբեր խմբեր թեև հիմա էլ կան, բայց առաջին անգամ է, որ նրանք գործոնի կարգավիճակում են: Այսինքն, կարող են ինչ–որ չափով ազդել իրավիճակի վրա, բայց առաջին անգամ է, որ ընտրությունը մերն է: Բայց դա միայն մի պարագայում է հնարավոր, եթե մենք որոշենք, որ մենք ընտրում ենք: Իսկ հիմա մենք դեռ ձևավորվում ենք, փորձում ենք հասկանալ աշխարհը և այդ աշխարհում տեսնել մեր տեղը: Այսինքն, հեղափոխության ամենահիմնական նվաճումներից մեկը հենց այն է, որ մենք այսօր ունենք ընտրության հնարավորություն»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Հարցին, թե ստացվում է, որ առանց կողմնացույցի հայտնվել ենք բաց ծովում, և դեռ պետք է հասկանանք՝ ուր գնալ, ինչ անել, բայց արդյո՞ք այդքան ուժ ու ժամանակ ունենք, որպեսզի հանկարծ չհայտնվենք մեկ այլ շնաձկան երախում, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Մենք կողմնացույց ունենք, այն էլ աշխարհում լավագույնը, բայց՝ ժամանակին այդ կողմնացույցը գցել ենք մի հեռու տեղ ու հավատացել ենք, որ կան աշխարհով մեկ սփռված քաղաքակիրթ քեռիներ, ովքեր իրենց կողմնացույցներով կասեն մեզ՝ ուր գնալ ու ինչ անել: Ու չենք էլ հասկացել, որ այդ քեռիներն, ովքեր իրենց կողմնացույցներով դեպի իրենց են փորձել տանել մեր երկիրը, իրենք վաղուց արդեն կանգնած են եղել կործանման ճանապարհին: Այսինքն, աշխարհում այսօր չկա որևէ կողմնացույց, որը կարողանա ճշգրիտ ցույց տալ, թե ուր պետք է գնան աշխարհի ժողովուրդները: Եվ այս առումով, շատ կարևոր է հասկանալ, որ այսօր մենք նման ազատություն ենք ստացել, որպեսզի վերհիշենք հազարամյակների ընթացքում մշակված մեր կողմնացույցի մասին, ավանդույթով մեզ հասած կողմնացուցին ավելացնենք մեր դիտարկումները, կամքը, միտքը, ճշգրիտ կողմնորոշվենք և կարողանանք անվրեպ շարժվել առաջ»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Եվ ինչքան էլ որ կառավարման դաշտում շատ են խնդիրները, մի կողմից փորձ է արվում դրանք հաղթահարել, մյուս կողմից էլ ծագում են նոր խնդիրներ: Եվ սա նորմալ գործընթաց է, որը պետք է անցնենք, համոզված է բանախոսը: Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, ապա կառավարությունը պետք է երկու բանի վրա ուշադրություն դարձնի: Մեկը անցյալից մնացած և Հայաստանը խեղդամահ անող սարդոստայնից ազատվելն է, մյուսը, որ երիտասարդները հասկանան, պետք է այնպես անեն, որ վերելքում գտնվելու զգացումը, որը բոլորն ունեին, ոչ միայն նույն մակարդակի վրա պահեն, այլև զարգացնեն:

«Այդ սարդոստայնը ապամոնտաժելու ուղղությամբ գործունեությունը պետք է շարունակվի, որը սկսվեց իշխանափոխությամբ: Ի դեպ, այդ համակարգը շատ հզոր է և դեռ կարող է վերարտադրվել՝ անգամ ներառելով նրանց, ովքեր դեռ նոր են գալիս իշխանության: Եվ այս վտանգն էլ պետք է հաշվի առնել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գործընթացները դրական հունով են զարգանում»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Խոսելով քաղաքական դաշտում առկա իրավիճակի մասին՝ քաղաքական գործչի գնահատմամբ, վիճակը տագնապալի է, քանի որ հին համակարգն իր մեջ ներառում էր ոչ միայն իշխող կուսակցություններին, այլև այդ համակարգի դեմ պայքարողներին: Այդ էր պատճառը, որ «պայքարողները» հիմնականում ձևի հետևից ընկնելով՝ բովանդակության մասին լռում էին:

«Հիմա էլ նրանք, ովքեր իբրև տարիներ շարունակ պայքարել են, շարունակում են հնի փիլիսոփայության մեջ մնալ: Այսինքն՝ մրցակցային աշխարհի, մարդկանց հրմշտոցի, համեղ պատառը պոկելու շրջանակներում են իրենց գործունեությունը պատկերացնում: Այսօր քաղաքական մրցակցություն ասվածը բացառապես մնում է այդ դաշտում, որը կործանարար է: Եթե դաշտն այդպիսին մնա, կխեղդվի: Իսկ նոր եկած ուժերը պարզապես թույլ չեն տա, որ այն այդպիսին մնա: Եվ եթե հաջողվի համագործակցության դաշտ ձևավորել, ինչը հռչակեց հեղափոխությունը և պաստառների հոգեվիճակից կարողանանք անցնել օրգանիզմի հյուսվածքների ամբողջականացման, ինչը ստեղծագործական գերխնդիր է, և այդ շրջանակներում իրենց «գտնեին» քաղաքական ուժերը, այդ դեպքում մենք կկարողանանք հսկայական քայլերով առաջ գնալ»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում