Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսությունները հունիսի 20-ից ամբողջովին պատրաստ կլինեն ոռոգման շրջանին: Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը, այս օրերին ընկերության սպասարկման ոլորտում գտնվող պոմպակայաններում, ջրանցքներում, ջրատարներում, ջրամբարներում իրականացվում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ սկսվող ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար:

«Մեր բոլոր տեղամասերում ընթանում են նախապատրաստական ակտիվ աշխատանքներ: Վերանորոգվում է Երանոսի պոմպակայանի կտուրը եւ էլեկտրասարքավորումները, կապիտալ նորոգման է ենթարկվում Սարուխանի մոտեցնող ջրանցքը 100 մետր երկարությամբ,նորոգվում է Ներքին Գետաշենի «Ջրվեժի» առուն, Գեղամաբակի եւ Այրքի ջրանցքները, մաքրման աշխատանքներ են կատարվում մյուս ջրանցքներում ու ջրատար առուներում: Վարդենիսի տարածքում արդեն ոռոգվում են սխտորի ցանքերը եւ հացահատիկի արտերը: Մարտունու տարածքում պոմպակայանները կգործարկվեն հունիսի 25-ից, Գավառի տարածքում՝ հուլիսի սկզբից: Հուսով եմ, որ ոռոգման ջուրն անխափան ու ժամանակին կհասնի շահառուներին»,-ներկայացրեց Հայկ Սհոյանը:

 

Թե՛ ՋՕԸ տնօրինության, թե՛ հողագործների մտահոգությունը սակավաձյուն ձմեռն էր ու սակավաջուր տարի ունենալու վախը, սակայն այն փարատվել է մայիս-հունիս ամիսների առատ տեղումների արդյունքում: Իսկ կարեւորն այն է, որ Լանջաղբյուր եւ Գեղարքունիք գյուղերին ոռոգման ջուր մատակարարող 3 ջրամբարները լիովին լցված են ջրով:«Տեղումները մեզ շատ օգնեցին հատկապես սածիլման շրջանում, ինչը հնարավորություն տվեց՝ խնայել որոշ քանակի էլեկտրաէներգիա: Բացի այդ, այս պահին արդեն «Գեղարքունիք-1», «Գեղարքունիք-2» եւ «Լանջաղբյուր» ջրամբարներում ջուրն արդեն հասնում է ջրթափի աստիճանի»,-հավաստեց ՋՕԸ տնօրենի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան