Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին և Կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցն է:
Վարչապետն անդրադարձավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը և ԱԱԾ սենսացիոն բացահայտումներին:
«Պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ մենք, թերևս, գործ ունենք Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ և սա առանձնանում է նրանով, որ դրանք ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատողներին, որոնք մշակել են այս օպերացիան և իրականացրել: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել: Առաջիկա օրերին այս թեմայով խորհրդակցություն կհրավիրեմ, որպեսզի բարելավենք իրավական համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի ընթացքը կլինի պատշաճ մակարդակով»,-նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, և հույս ունի, որ այն կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը դա կապահովի:
«Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի այս գործի մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ, և ինչպես բոլոր դեպքերում ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել»,-նշեց Փաշինյանը՝ հերթական անգամ արձանագրելով, որ կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել: