Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը դեռևս օդից կախված է. վարչապետ Փաշինյանը չի շտապում այն ստորագրել, չի շտապում նաև նոր նախարար նշանակել: Ավելին, անգամ մամուլում այս օրերին Թանդիլյանին փոխարինողի որևէ անուն չի շրջանառվում, իսկ նման «արտահոսքերի» հաճախ կարելի է հանդիպել որևէ պաշտոնյայի հրաժարական տալուց ժամեր անց: Թանդիլյանը հրաժարական ներկայացնելուց հետո մասնակցել է կառավարության նիստին՝ բավական ակտիվ հարցադրումներ կատարելով, ինչը ստիպում է ենթադրել, որ Փաշինյանի մոտ ստացվել է համոզել թիմակցին՝ այս պահին հակառակորդ ճամբարին ուրախանալու առիթ չտալ, այն է՝ մնալ պաշտոնում:
Որպես հիմնավորում, Փաշինյանը կարող է նախարարին խնդրել՝ սպասել մինչեւ ՍԴ-ում հարցի քննությունը։ Այս դեպքում, մի կողմից՝ պահպանվում է երկուսի սկզբունքայնությունն էլ՝ առևերույթ ստեղծելով կառավարության միասնական լինելու պատրանք, մյուս կողմից՝ հարցի բաց լինելը նվազեցնում է ընդդեմ կուտակայինի փողոցային պայքարի հավանականությունը: Իսկ այդ հավանականությունը ավելի քան իրական է՝ հունիսի 24-ից «ԴԵՄ եմ»-ը նախատեսում է դուրս գալ փողոց և այդպես պայքարել կուտակայինի պարտադիր բաղադրիչը չեղարկելու համար: Փաշինյանի համար օրակարգային խնդիր է դարձել հնարավորինս անցավ կերպով անցկացնել կուտակայինի մասին օրենքը նաև ԱԺ-ում, իսկ դա անչափ բարդ խնդիր է լինելու՝ հաշվի առնելով խորհրդարանում ներկա ուժերի կողմից այն շահարկելու և դրա հաշվին, ընտրություններին ընդառաջ՝ միավորներ շահելու մտադրությունն ու ցանկությունը: Փաշինյանին մնում է ժամանակ շահել մինչ այն պահը, երբ օրինագիծը կմտի խորհրդարան: Համակարգի ներդրումից հրաժարվելը կարելի է բացառել, քանի որ պնդելով դրա ընդունման վրա, Փաշինյանը փորձում է միջազգային խոշոր ֆոնդերի սեփականատերերին գրավել եւ ներդրումներ բերել Հայաստան, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ ներդրումային դրական ֆոն ապահովելու համար այդ քայլը բավարար չէ:
Ստելլա Խաչատրյան