Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած մարզում առկա կոռուպցիոն սխեմաներին, հայտարարել է, որ դեռևս համայնքի ղեկավար լինելու ժամանակ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մարզպետարաններում եղել են հիմնադրամներ՝ «մարզպետի ֆոնդ», և բոլոր համայնքները այդ ֆոնդին տարեկան որոշակի դրամական փոխանցումներ են արել: Թե ուր են գնացել այդ գումարները՝ մարզպետը տեղյակ չէ և կարծես թե լիահույս է դա ճշտել՝ համապատասխան ստուգումների մեկնարկը ազդարարելով: Ընդ որում՝ ըստ մարզպետի՝ նման մեխանիզմ գործել է բոլոր մարզերում:
 
Նախարարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն հանցագործության մասին, հետևաբար, ստուգումները պետք է իրականացվեն ոչ միայն մարզպետարանի, այլ նաև իրավապահ մարմինների կողմից: Այստեղ իհարկե տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սարգսյանը, զբաղեցնելով համայնքապետի պաշտոնը և տեղյակ լինելով նման կոռուպցիոն մեխանիզմի մասին՝ դեռ այն ժամանակ չի արձագանքել՝ դիմելով պատկան մարմիններին: Չէ՞ որ լինելով ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ քաղաքական միավորներ ձեռքբերելու ավելի լավ առիթ դժվար էր անգամ պատկերացնել:
 
Ինչևէ, եթե ԱԱԾ ստուգումները տարածվեն նաև մարզերում, թերևս Արարատը հավակնի բացահայտումներով ամենահարուստ մարզը կոչվելուն՝ հաշվի առնելով մարզում առկա տարատեսակ կլանների կողմից տարիներ շարունակ գործած, մամուլում բարձրաձայնված հանցանքները և ապօրինությունները: Սարգսյանը կամա թե ակամա՝ անչափ լուրջ կոռուպցիոն շղթայի բացահայտման հիմք է տալիս:Ընդ որում, այս պարագայում ստուգումների թիրախում կարող են հայտնվել ոչ միայն Գրիգորյան եղբայրները՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, այլ ջրի երես կարող են դուրս գալ այն կոռուպցիոն սխեմաները, որոնք գործել են Գրիգորյաններին նախորդած Աբրահամյանների՝ մասնավորապես՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը հանդիսացող Ռուբիկ Աբրահամյանի:
 
Ստելլա Խաչատրյան