Այսօր՝ հունիսի 20-ին, ԵՄ ներկայացուցիչ Հոա Բին Աջեմյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աջակցությունը Հայաստանի տարբեր ոլորտներում:

ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ ծրագրեր ունեն էներգետիկայի, ճանապարհաշինության, կրթության, դատական և այլ ոլորտներում, որոնցից ԵՄ-ն առավել կարևորում է կրթական ծրագրերը։

 

Առաջիկայում նախատեսում են վերանորոգել կամ հիմքից կառուցել 8 միջին մասնագիտական դպրոց, քոլեջներ, իսկ բարձրագույն կրթությանն աջակցելու նպատակով արդեն համագործակցում են Թումոյի կենտրոնի հետ։

Նա նաև կարևորեց Հայաստանի օրգանական արտադրանքի արտահանումը Եվրոպա և նշեց, որ պատրաստվում են լրացուցիչ ներդրումներ կատարել այդ ոլորտում։

ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս ծրագրերն իրականացնելուն նպաստում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ հնարավորություններն են ավելացել, սակայն անհրաժեշտ է Կառավարության հանձնարարականը, որպեսզի իրենց աշխատանքները նպատակին ծառայեն.

«Մենք միշտ ողջունում ենք քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում։ Ժողովրդավարության հաստատումը նույնպես ողջունում ենք, կոռուպցիայի պայքարը ևս մեծ նշանակություն ունի մեզ համար։ Նաև ողջունում ենք այս խաղաղ անցումը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Բայց մենք Հայաստանի քաղաքացիներին աջակցել ենք մինչ այդ և պատրաստվում ենք աջակցել առաջիկայում սպասվող ընտրություններից հետո ևս։ Մենք հույս ենք հայտնում, որ այս փոփոխությունները թափ կհաղորդեն բարեփոխումների ընթացքին»,- հավելեց Հոա Բին Աջեմյանը։

 

Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ Եվրոպայի համար կարևոր է ունենալ ընդհանուր տարածք, որտեղ կա բարեկեցություն, բարօրություն ու նաև մարդու իրավունքների հանդեպ հարգանք։ Հայաստանն այդ ընդհանուր տարածքի մի մասն է։