Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման: Պետք է բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: Երկու պայման կա, օֆշոր չի լինելու ու իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ չի լինելու դրա կառավարողը»:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն:
Ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել: