60-ամյա Աիդա Հովհաննիսյանը  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին պատմել է, որ տարիներ շարունակ ենթարկվել է աշխատանքային հետապնդումների․ 2015թ․-ին, Բնապահպանության նախարարության այն բաժնում,  որտեղ աշխատել է որպես պետական տեսուչ, իր խոսքով, կրճատումներ չեն եղել, բայց իրեն այդպես են ասել և տեղափոխել են այլ՝ ավելի ցածր հաստիքի՝ ինչն օրենքի խախտում է եղել, բայց երբ փաստաբանի միջոցով դիմել է քաղծառայության խորհուրդ՝ պատասխանել են, որ օրենքի խախտում չկա։ Հետագայում իմացել է, որ իր հաստիքը չի կրճատվել՝ իր փոխարեն այլ մարդ է աշխատում.

«Տեսչական մարմինները 2017թ.-ին լուծարվեցին՝ և՛ էներգետիկայինը, և՛ բնապահպանությանը, արդյունքում  մենք՝ մոտ 180 աշխատակիցներով՝ կարճաժամկետ ռեզերվում հայտնվեցինք։ Այնուհետև ստեղծվեց նոր տեսչական մարմին։ Օրենքով նախատեսված է, որ վերակազմակերպումների դեպքում՝ նշանակումների ժամանակ, առաջնությունը տրվում է համապատասխան մարմիններից կարճաժամկետ ռեզերվում գտնվող  քաղաքացիական ծառայողներին։ Քաղծառայության մարմինը պետք է հայտարարություններ տարածեր, որ նոր ստեղծված մարմնում կան թափուր պաշտոններ, որպեսզի ռեզերվում գտնվող անձինք դիմում գրեին և տային իրենց համաձայնությունը տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար»,-ներկայացրեց Աիդա Հովհաննիսյանը։

 

Վերջինս պատմեց, որ քաղծառայության խորհուրդը չի պահպանել ընթացակարգը, որևէ հայտարարություն չի տվել, մոտ 150-ից ավել մարդկանց ներքին օղակների կամայականությամբ, նախընտրությամբ՝ առանց հաշվի առնելու նրանց աշխատանքային փորձը, կարողությունները, հեռախոսազանգերի, անմիջական զանգերի միջոցով ընդունել է աշխատանքի։

Տիկին Աիդայի պնդմամբ, երբ ինքը բարձրացրել է այս հարցը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների օգնությամբ, քաղծառայության խորհրդից ասել են, որ տվյալ օրերին եղել են հայտարարություններ. նա պատմում է, որ ինքը հետևողական է եղել և երբեք նման հայտարություններ չի տեսել։ Երբ նորից են դիմել քաղծառայության խորհուրդ, այս անգամ էլ ասել են, թե այդ հայտարարություններն իրենց շենքի առաջին հարկում փակցված են եղել։

«Ես այդ օրերին եղել եմ քաղծառայության շենքում, նման հայտարարություն չի եղել, եթե անգամ հիմա այդ հայտարարությունները տպեն, պահեն իրենց մոտ ու ցույց տան, միևնույնն է, նրանք այդ իրավունքը չունեին, պարտավոր էին լրատվության միջոցներով այդ հայտարարությունները հրապարակել»,-ներկայացրեց Աիդան։

Պատմում է նաև, որ դատական գործեր են հարուցվել, իր հարցը բարձրացրել է մինչև Եվրոպական դատարան։

 

«Ընթացքում, երբ սկսվեցին կոմունիկացիոն գործողությունները՝ կառավարություն, Եվրոպական դատարան և այլն, ինձ կանչեցին նախարարություն, որ ես հրաժարվեմ իմ բողոքներից, այլապես՝ կունենամ աշխատանք կորցնելու խնդիրներ։ Իմ աշխատանք  չունենալը հետապնդումների արդյունք է այն բանի համար, որ ես բարձրաձայնել եմ այս հարցերը։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին անձամբ ես էլ եմ դիմել, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն էլ է դիմել, իմ փաստաբանն էլ, պատասխանը միշտ նույն է եղել՝ օրենքը չի խախտվել։ Դիմել եմ նաև այդ նոր ստեղծված տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանին․ դա այն մարմինն է, որտեղ, ըստ օրենքի՝ ես պետք է կանչվեի ռեզերվից՝ աշխատելու համար, սակայն Եղիշե Տերտերյանն ինձ ասաց, որ եթե ես չբողոքեի, ինձ հետ կկանչեին աշխատանքի»։

 Այս պահին գործազուրկ  Աիդա Հովհաննիսյանը  սպասում է Եվրոպական դատարանի վճռին։