ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական գործերով հարցերի խորհրդական Արսեն Խառատյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում կմեկնի Իրան։ Սպասվող հանդիպման նպատակի, օրակարգային հարցերի և Իրան-Հայաստան հարաբերությունների մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:
Պարո՛ն Վարդանյան, ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի նպատակը և ի՞նչ օրակարգային հարցեր են այնտեղ քննարկվելու:
Շատ կարևոր է Իրան կատարվելիք այցն այն առումով, որ պարոն Փաշինյանը մեր հարևան երկրներից արդեն այցելել է Վրաստան, և տրամաբանական է, որ հաջորդ երկիրը կլինի Իրանը։ Իրանում որոշակի մտահոգություններ կային, որ սա Արևմուտքի կողմից կազմակերպված հեղափոխություն էր, և որ Փաշինյանը Արևմուտքի մարդն է։ Իհարկե, սա չէր բարձրաձայնվում, բայց պատահական չէ, որ Իրանի նախագահը, ի տարբերություն շատ երկրների, ուշ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո իր հստակ ուղերձները հղեց Իրանին, որ հայ–իրանական հարբերություններում Հայաստանը շարունակելու է այն քաղաքական գիծը, որը որդեգրել էին Հայաստանի նախկին իշխանությունները։ Այս այցն այդ առումով շատ եմ կարևորում։ Իրանը կհամոզվի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի որևէ քայլ, որը կհակասի Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բացի դրանից, ներկայում երկու երկրների օրակարգում կան էներգետիկ մի շարք նախագծեր, կառուցվում է Իրան-Հայաստան էլկետրահաղորդման երրորդ գիծը։ Մի քանի օր առաջ Իրանի մեջլիսում հավանություն տրվեց Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Հանդիպման նպատակը երկու երկրների օրակարգում առկա քաղաքական, տնտեսական, էներգետիկ հարցերն են։
Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումներով:
Քաղաքական առումով Հայատան-Իրան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում։ Հայաստանը այն եզակի երկրներից է , որը վերջին 20 տարում որևէ լուրջ խնդիր չի ունեցել Իրանի հետ՝ ի տարբերություն մյուս երկրների։ Այս երկու երկրները իրար համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ցավոք երկկողմ տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում այն, ինչ կա քաղաքականում։ Պետք է փաստել, որ Իրան-Ադրբեջան երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին. վերջերս սահմանին տեղի ունեցած միջադեպն ի՞նչ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերություններում:
-Սա փոքրիկ միջադեպ է, և սպասել լուրջ սրում Իրան-Ադրբեջան հարաբերություններում՝ սխալ կլինի։ Իրան Ադրբեջան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, նամանավանդ վերջին 5 տարիներին, երբ նախագահ դարձավ Ռոհանին և ինչպես նշեցի՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։
Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա ընթացքին:
ԱՄն-ից որևէ ուղերձ, ազդանշան չկա այդ հարցի շուրջ։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը, գտնվելով շրջափակաման մեջ, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու այլընտրանք չունի։ Պետք է նկատենք, որ նույնիսկ 2000-ականններին, երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին, նույնիսկ այդ ժամանակ պատժամիջոցներ չեն եղել։ Միայն Հայաստանի իշխանությունները պետք է զգույշ լինեն, որպեսզի հարաբերություններ չհաստատեն, որևէ նախագծեր չիրականանցեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք գիտենք՝ ինչ ազդեցիկ կառույց է այդ կառույցը՝ պետություն է պետության մեջ, որն ունի իր բանկերը, ֆինանսական հաստատությունները, նույնիսկ մաքսատները։ Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետ։
Արմինե Արմենակյան