ՊԵԿ-ի կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» գործարանը 360 մլն դրամի պակաս հարկ է վճարել:

Փաստորեն, մեր երկրում քաղաքապետերը, պաշտոնյաները տարիներ շարունակ անօրինական գործունեություն են ծավալել և մնացել են իրենց պաշտոններում: Պահանջել են հարկեր ժողովրդից, բայց իրենք իրենց բիզնեսների համար խուսափել են հարկային պարտավորվածություններից: Անօրինական հարստացման վառ օրինակ է Երևանի քաղաքապետի ունեցվածքը: Մշտապես պետական ապարատում աշխատող պաշտոնյան դառնում է միլիոնատեր, իսկ թե ինչպես, դժվար է փաստերով ասելը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, զուգահեռներ անցկացնելով Երևանի և Գյումրու քաղաքապետերի միջև, նշեց. «Չի բացառվում, որ դեռ էլի կբացահայտվեն օրինախախատումներ: Հայաստանի երեք խոշոր համայնքների համանքապետերի ունեցվածքի հայտարարագրերը կան, սակայն այդ հայտարարագրերի ճշմարտացիության համար պետք է ուսումնասիրություններ և քննություն անցկացվի ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության կողմից: Մեր պաշտոնյաները շատ հաճախ իրենց ունեցվածքը գրանցում են մերձավորների ընկերների անունով: Պետք է ֆիքսել՝ ում անունով են սեփականությունները և պետք է բացահայտեն՝ ինչպես են ձեռք բերվել:  Եթե դրա համար օրենսդրական փոփոխություններ են պետք, ապա պետք է արվեն այդ փոփոխությունները, որ իշխանությունն ունենա լիազորություն և բացատրություն պահանջի՝ ինչպես են ձեռք բերվել առանց աշխատավարձի, չհիմնավորված եկամուտների այդ սեփականությունները:  Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկել են պաշտոնյա, և պարզվում է, որ միլիոնատերեր են»,- հավելեց Բարսեղյանը:

 Բարսեղյանը նաև ավելացրեց, որ հակված է ոչ թե մարդուց ունեցվածքը խլելուն, այլ որոշակի հարկային տուգանք պետք է սահմանվի և վճարվի պետական բյուջե, հակառակ դեպքում՝ պետությունը կարող է դա առգրավել.

 

«Սա թույլ կտա,որ առանց լուրջ ցնցումների մարդ վճարի և դա դառնա տվյալ մարդու  սեփականությունը»,-ասաց Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բազմաթիվ են ԱԱԾ, ոստիկանության, ՊԵԿ բացահայտումները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի այլևայլ ճանապարհներով են պետության ղեկին նստածները հարստացել և միլիոններ դիզել:

Արմինե Արմենակյան