ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը խնդրի պատճառները բացահայտելու համար զրուցեց ԲԿ-ի տնօրեն Սոկրատ Հախվերդյանի հետ, ով չժխտեց, որ խնդիրներ ունեն շտապօգնության մեքենաների հետ կապված, բայց համացանցում հայտնված նկարը որակեց որպես չստացված հումոր։Ինչպես տեղեկացրել ենք, համացանցում ֆեյսբուքյան օգտատերը նկար էր հրապարակել, որտեղ ցույց էր տրվում Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության անմխիթար մեքենան, որի դուռը բացել էր բժիշկը՝ արհեստական օդորակիչի  տպավորություն ապահովելու համար։

 

«Մեքենաներն այսօր վատ վիճակում են։ Սրանից մի քանի տարի առաջ մեր մեքենաներից մեկը վթարվեց և, ցավոք սրտի, մեր բժիշկներից մեկն էլ զոհվեց։ Մյուս մեքենան էլ 1 ամիս առաջ է վթարի ենթարկվել․ այս պահին վերանորոգման մեջ է։ Մեկ մեքենա հիմա մեզ ժամանակավոր տրամադրել են Արարատի մարզի պահեստային շտապօգնության մեքենաներից, մեկն էլ գյուղական ամբուլատորիաներից ենք վերցրել։ Ճիշտ է, մեքենաները տեխնիկապես լավ վիճակում չեն, բայց կանչերը կարողանում ենք սպասարկել։ Պատկան մարմինները, Առողջապահության նախարարությունը տեղյակ են խնդրից․ նախատեսված է, որ աշնանն արդեն կունենանք նոր մեքենաներ։ Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան հրապարակմանը, ապա խեղաթյուրում կա։ Ինչ խոսք, այս օրերին շատ շոգ է, մեքենաներում էլ կոնդիցիոներներ չկան։ Դեպքը գրանցվել  է երեկ, մեքենայում  շոգ է եղել, որպեսզի հիվանդը վատ չզգա, բժիշկը՝ Վահեն, բացել է դուռը։ Հիվանդի աղջիկն էլ ասել է, որ հումոր կանի և այդ մասին կգրի սոցցանցերում»,-պատմեց Արտաշատի ԲԿ-ի տնօրենը։

Լիլիթ Հակոբյան