Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 29-ին տարածված տեսաուղերձում հորդորում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայոց հայրապետի հրաժարականը պահանջող հայորդիներին 12 առաքյալների տոնն անցկացնել աղոթքի մեջ:Կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ հունիսի 30-ին բողոքի ակցիայի մասնակիցները նախաձեռնել են բողոքի միջոցառում կազմակերպել Էջմիածին քաղաքում:

Ի պատասխան այս նախաձեռնության, հայոց եկեղեցու հավատավոր զավակները տարբեր համայնքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը բերելու Հայոց Հայրապետին: «Սիրելի հոգևոր հայրեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ: Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում և երեք եկեղեցականներ, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ Հայոց հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին, երբ հայոց եկեղեցին նշում է 12 առաքյալների տոնը, կոչ եմ անում մեր ժողովրդին աղոթել՝ լույս պատվիրանները սիրո, խաղաղության իրենց առաջնորդող ունենալով, հայցեն, որ տերը անվրդով պահի մեր երկիրը, խաղաղության, սիրո մեջ մեր ժողովրդին, աղոթեն մեր հայրենիքի համար, Արցախ աշխարհի համար,  հայոց քաջարի զինվորների համար, մեր եկեղեցու պայծառության ու շինության համար»,-իր տեսաուղերձում ասել է վեհափառը:


Գարեգին Բ կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին պատմության հոլովույթներում ունեցել է միշտ էլ խնդիրներ, հարցեր, մարտահրավերներ, որոնք ժամանակին համընթաց քայլելու համար և եկեղեցու առաքելությունն արդյունավոր իրականացնելու համար կարիք են ունեցել բարեփոխումների և նոր բանաձևումներ ստանալու:Նկատի ունենալով, որ հուզական լարված այս իրավիճակում կարող են տեղ գտնել անկանխատեսելի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը, մեր եկեղեցու բարի համբավը, հայրապետը հորդորում եւ խնդրում է, որպեսզի եկեղեցու սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:

«Փառք Աստծո, այդ հարցերը, խնդիրները մեր եկեղեցու կյանքում միշտ էլ գտել են իրենց լուծումները, ինչպես անցյալում, այսօր, այնպես և վաղը: Այսօր մեր եկեղեցին գործում է անկախ պետականության պայմաններում և ունի բոլոր հնարավորությունները իր գործունեությունը արդյունավոր կերպով կազմակերպելու, մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության, մեր եկեղեցու զորացման ու պայծառության համար և մենք հավատում ենք, որ միասնաբար մեր ժողովրդի հետ, մեր եկեղեցականաց դասով մենք պիտի կարողանանք մեր եկեղեցին դարձնել զորավոր և արդյունավոր իր առաքելության մեջ: Թող տերը օրհնի հայոց աշխարհը, Հայաստան և Արցախ մեր երկիրը, հավատավոր մեր զավակներին ի սփյուռս աշխարհի և պահի, պահպանի ապահով, անվտանգ՝ սիրո, խաղաղության մեջ կերտելու իրենց երազների լուսավոր հայրենիքը: Ամեն»,-նշում է կաթողիկոսն իր ուղերձում: