«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի հայտարարության վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի հետ։
«Դպրոցը լիցենզիա ունի, որը տրված է 2006թ․-ին՝ 1-ից առ 10-րդ դասարան կրթական ծրագիր իրակացնելու թույլտվությամբ: Այդ թույլտվությունը որևէ մեկի կողմից ուժը կորցրած չի համարվել, անվավեր չի ճանաչվել․ այն գործում է։ Սա իրավական տարբեր մեկնաբանությունների, իրավական տեխնիկայի խնդիր է, մասնավորապես, երբ օրենքն ընդունվել է, դրան հետադարձ ուժ չի տրվել, այսինքն՝ այն դպրոցները, որոնք մինչ այդ գործել են այդ լիցենզիայով՝ իրենց վրա պարտականություն չի դրվել վերաձևակերպել դա, միևնույն ժամանակ, այդ լիցեզնիան ուժը կորցրած չի ճանաչվել։ Չկար պահանջ լիցենզիան թարմացնելու, բայց եթե նախարարության դիրքորոշումն այսօր այդպիսին է, ես խնդիր չեմ տեսնում նորից հայտ ներկայացնելու և լիցենզավորման պրոցես անցնելու, քանի որ դպրոցը ունի և′ նորմատիվային, և′ տեխնիկական պահանջներին համապատասխան պայմաններ»,-ասաց դպրոցի տնօրենը։
Ըստ տնօրենի, հին լիցենզիայով, ինչպես նաև այլ օրենքերով, թույլատրվում էր, որ իրենք դասերն անցկացնեն երկու հերթափոխով։ Նատալյա Ստեփանյանը մեր թղթակցին ասաց նաև, որ առայժմ չի պատրաստվում հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, քանի որ դեռևս որևէ խնդիր չկա։