Ադրբեջանում հուլիսի 3-ին գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով խաթարվել է նաև Բաքվի ջրամատակարարումը, ինչը չի հաջողվում վերականգնել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական «Ազերսու» ընկերությանը դեռևս չի հաջողվել վերականգնել մայրաքաղաք Բաքվի ամբողջական ջրամատակարարումը, ընկերությունը հույս է հայտնել, որ հուլիսի 5-ին ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի:
«Ազերսու» ընկերության պարզաբանմամբ՝ ջրամատակարարումը դադարեցվել է, քանի որ Կուր գետի ջրի մաքրման կայանները հոսանքազրկման պատճառով չեն կարողացել գործել:
Այն վայրերում, որտեղ ջուրը պոմպերի միջոցով ենթաարտեզյան հորերից է քաշվում, նույնպես ջրամատակարարում չկա:
Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:
Հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:
Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ: