Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ եղավ նաև Եղեգնաձոր քաղաքում։ Նա կարճ ելույթ ունեցավ Եղեգնաձորի հրապարակում՝ կոչ անելով ժողովրդին տեր կանգնել իր հաղթանակին և թույլ չտալ, որ կոռուպցիոն ուժերը համախմբվեն։

«Ես ուզում եմ կոչ անել և շնորհակալություն հայտնել, որ այս ընթացքում շատ ամուր կանգնել եք կառավարության կողքին, նաև վճռական որոշումների իրականցման ճանապարհին։ Ես ուզում եմ հավաստիացում ստանալ, որ դուք աջակցում եք կառավարության քաղաքականությանը՝ ըննդեմ կոռուպցիայի»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող ժողովրդի հաղթանակը խլել նրանից, և հավաստիացրեց, որ ժողովուրդն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու։

«Մենք ամեն օր թալանված միլիոններ ենք ետ բերում պետական բյուջե, որն ուղղված է լինելու մեր երկրի, մեր քաղաքացիներ բարեկեցությունը ապահովելու համար»,-հավելեց Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց եղեգնաձորցիներից՝ ժամանակի սղության պատճառով հարց ու պատասխան չլինելու համար, և ասաց, որ իրեն հասցեագրված նամակները կտանի իր հետ և կփորձի լուծում տալ այնտեղ գրված խնդիրներին։

Փաշինյանը Եղեգնաձորից հետո գնաց Արենի գյուղ, որտեղ հակիրճ ելույթից հետո ասաց՝ «Ես մեկ հանդիպում պարտք մնացի Եղեգնաձորին»։ Այնուհետև շրջայց կատարեց գյուղում խնդիրներին ծանոթանալու համար։