Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիների կողմից դիվանատան տարածք ներխուժելու առաջին իսկ օրվանից դիմել է ոստիկանությանը, որը, սակայն, ակցիայի մասնակիցներին չի հեռացրել այնտեղից: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն», -ասաց հոգևորականը:

Նրա խոսքով՝ ոստիկանները հսկում են տարածքը, որպեսզի ակցիայի մասնակիցներն ավելորդություններ ցույց չտան, հսկում են նաև ավազակային հարձակումներից, այլ ոտնձգություններից, քանի որ Վեհարանի տարածքում է բնակվում է Գարեգին Բ կաթողիկոսը: Իրավապահ մարմինները, սակայն, ցուցարարներին չեն հեռացնում այնտեղից, ինչը, Տեր Ասողիկի խոսքով, անհասկանալի է իրենց համար:

«Ոստիկանության ներկայացուցիչների մեկնաբանություններով՝ իրենք իրավունք չունեն ցուցարարաներին հեռացնելու տարբեր պատճառաբանություններով, ինչը մեզ համար տարօրինակ է և անհասկանալի, չէ՞ որ այդտեղ վանք է, Մայր Աթոռը հայոց եկեղեցու սեփականությունն է, և մանավանդ դա կաթողիկոսի բնակության վայրն է, և հանրային տարածք որպես այդպիսին չի դիտարկվում»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Հուլիսի 6-ի առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամներըներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ուսադրիչ գործողություններով։ «Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին՝դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել էր նա՝ հավելելով, որ նախաձեռնության անդամներըփորձել են բռնություն գործադրել։

Նրանք շարունակում են մնալ այնտեղ, վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը մի խումբ քաղաքացիներ վերածել են ճաշարանի: