Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանում արտահերթ նիստ էր: Որոշում ընդունվեց քաղաքապետ ընտրել հուլիսի 16-ին: Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները սա համարեցին սաբոտաժ հանրապետականների կողմից:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչ են պատրաստվում անել, ԵԼՔ-ական Թեհմինե Վարդանյանը պատասխանեց, որ ավագանու անդամների մեծ մասն անակնկալի է եկել. իրենք էլ դեռ չունեն համապատասխան թեկնածու՝ առաջադրելու համար:
«Քննարկումներ եղել են մի քանի թեկնածուների միջև, սակայն հստակ թեկնածու դեռ չունենք»,- ասաց նա՝ չցանկանալով նշել այդ թեկնածուների անունները:
Մեր թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է՝ Դավիթ Խաժակյանը լինի, Թեհմինեն նկատեց, որ ո′չ ինքը, ո′չ Դավիթը չեն կարող հավակնել այդ պաշտոնին. երկուսի տարիքն էլ դեռ չի ներում:
Նկատենք, որ հնարավոր է՝ ԵԼՔ-ը ցանկանում է այնքան հետաձգել քաղաքապետի ընտրությունները, մինչև կլրանա Թեհմինեի 30 տարին. նա երեսունամյակը կնշի սեպտեմբերի 4-ին: