Գեղարքունիքի Ակունք համայնքի բնակիչները բողոքում են, քանի որ համայնքապետ Արծրուն Ղարիբյանը արձակուրդում է, իսկ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծում են պահանջում: Գյուղի հրատապ լուծում պահանջող խնդիրներից է խմելու և ոռոգման ջրերի կարգավորումը: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ակունք համայնքի մշակույթի տան տնօրեն Նորիկ Հայրապետյանը նշեց, որ համայնքում ջրի պաշարի խնդիր չկա, սակայն կա խնդիր ոռոգման ցանցի և ջուրը մաքրելու:

«Մարդիկ չեն կարողանում իրենց հողամասերը ջրել, համարյա 200 տնտեսություն ջրազուրկ է: Մեր համայնքը սնուցում է ողջ Վարդենիսի տարածաշրջանը, սակայն այսպիսի ջրի առատության պայմաններում թաղամաս կա, որ ընդհանրապես ջուր չունի: Ներկա պահին մենք թաղամասերը սպասարկող երկու ջրագիծ ունենք, սակայն խմելու ջուրը հոսում է ոռոգման ջրի ցանցի ներսով, իսկ ոռոգման ջրերում կոյուղաջրեր, կեղտաջրեր, անգամ սատկած անասուն կարելի է հանդիպել: Խմելու ջուրը հոսում է այդտեղով, իսկ խողովակի վրա անցքեր կան: Ժողովուրդն այսքան տարի ստիպված խմում է այդ ջուրը»,-ասաց Հայրապետյանը:

Նա նկատեց, որ այդ մաքրման աշխատանքները մեծ ծախսեր չեն պահանջում, ընդամենը 100-ից 200 հազար դրամ և համայնքի բյուջեն բավարար է նման ծախսեր կատարելու համար, բացի այդ՝ համայնքն ունի տեխնիկա, որով հնարավոր է կատարել փորման աշխատանքները:

Անդրադառնալով համայնքապետի հետ այս խնդրի շուրջ քննարկումներին՝ Հայրապետյանը նշեց, որ նրա հետ քննարկումները վեճերով են ուղեկցվել, և որ համայնքապետը որոշ խնդիրներ է կարգավորվել, ֆինանսական ելք ու մուտքեր են եղել առանց ավագանու որոշման:

«Քրեորեն պատժելի է, որ ավագնու նիստերի որոշումներ չկան, բայց ֆինանսական արտահոսք, ներհոսք է եղել: Դրանք պետք է ավագանու նիստերով արձանագրվեն, բայց նման բան չի եղել: Ինքնագլուխ գործունեություն է կատարել համայքնապետը, որը պատժելի արարք է»,-ասաց նա և հավելեց, որ համայնքապետը աշխատանքի չի ներկայանում և հիմնականում Երևանում է բնակվում, իսկ աշխատանքի գնում է, երբ ինքն է ցանկանում.

«Համայնքի այդպիսի բարձիթողի վիճակից օգտվելով, «ուժեղ մարդիկ» ապօրինի շինարարություններ են իրականացնում՝ մի քանի տնտեսությունների նեղություն պատճառելով»,-ասաց Հայրապետյանը:

Արմինե Արմենակյան