Վերջին շրջանում քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են հնչում, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքը 180-ից 210 հայկական դրամ բարձրացնելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։ Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։ Բացի այդ սպառողները նկատել են նաև գազի որակի կտրուկ անկում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
  
Վերջին օրերին ՊԵԿ–ը նախաձեռնել էր գազալցակայանների տոտալ ստուգում: Այսօր էլ ՊԵԿ նախագահն իր ասուլիսում անդրադարձել է այս թեմային, նշելով, որ ստուգումներ են անցկացվել «Գազպրոմ Արմենիա»-ի հետ առնչվող ընկերությունում, ինչպես նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ԱԺ նախկին պատգմավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում: Ինչպես երևում է՝ ՊԵԿ-ին ամեն դեպքում հաջողվել է վերը նշվածներին բերել սպիտակ դաշտ, նրանք անգամ «չեկերով» են սկսել աշխատել, բայց ինչպես և սպասվում էր՝ ստվերից դուրս գալու հետևանքով առաջացող կորուստները փորձում են հետ բերել հին ու ավանդական «շուստրիություններով»: Գազի գնի բարձրացումը որևէ կերպ հիմնավորված լինել չի կարող, սակայն այս փաստը դեռևս չի հուզում պատկան մարմիններին:
 
Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն, չնայած բազմաթիվ ահազանգերին, նախընտրում է մի կողմ քաշվել և աչք փակել նման մանր խախտումների վրա: ՊԵԿ-ն էլ իր հերթին՝ կարծես թե բավարարվել է անցկացված ստուգումներով, իսկ այն փաստը, որ չարաշահումները շարունակվում են, պարզապես փոքր-ինչ այլ ձևաչափով՝ գազալցակայանների սեփականատերերը շարունակում են զարտուղի ճանապարհներով գերշահույթ ապահովել: Իսկ ո՞ւմ հաշվին է առաջանում այդ գերշահույթը՝ հասարակության առավել անապահով խավերի, քանի որ նախարարների, պատգամավորների, փոխնախարարների ու վարչության պետերի և նման կարգի այլ պաշտոնյաների մեքենաները լիցքավորվում են պետության հաշվին և բենզինով: Բենզինով են աշխատում նաև օլիգարխների, նրանց զավակների մեքենաները, և տակը մնում է աղքատ ու իրավազուրկ հասարակությունը, որը մուտք չունի պետության գրպանը, իսկ սեփական գրպանում բենզինի համար բավարար գումար չունի…
 
 
Ստելլա Խաչատրյան