ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի թեկնածու է առաջադրել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին (Կոռնիձորի Արո):
«Ես և իմ թիմը շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր առաջադրել են իմ թեկնածությունը: Մեր թիմը տարատեսակ զանգեր է ստանում՝ ներքաշվելով պրովոկացիոն խոսակցությունների մեջ, բայց մենք գործի մարդ ենք և առաջ ենք գնում: Մենք պարտավորվում ենք ընտրվել և երկրապահը մաքրել այն թերմացքից, որը գոյացել է երկրապահի շարքերում, որպեսզի պատերազմ անցած անձը երկրապահում իրեն զգա ինչպես իրենց տանը»,- ասաց Խուդավերդյանը:
Ըստ նրա՝ Արամ Սարգսյանի անունը որպես ԵԿՄ նախագահի թեկնածու առաջ են բերում ոչ թե որպես Արամ Սարգսյան, այլ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր. «Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ԵԿՄ ղեկավար տեսնում եմ միայն ու միայն պատերազմ անցած հրամանատարի, ով մի քանի անգամ հայտնվել է շրջափակման մեջ, ունեցել է հաղթանակ, այսինքն՝ տղամարդավարի կատարել է գործողություններ մահը մահի դեմ և մնացել է ողջ»,- նշեց Խուդավերդյանը:
Դիտարկմանը՝ որքանո՞վ եք ճիշտ համարում, որ քաղաքական կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը ղեկավարի «կռվածների կառույցը», Արայիկ Խուդավերդյանը պատասխանեց. «Լիարժեք դեմ եմ, որ կուսակցության ղեկավարը լինի ուժային կառույցի ղեկավար, որտեղ խոսքը հրաման է դիտվում, և այդ կառույցն օգտագործվի ի նպաստ սեփական շահերի, սեփական կուսակցության և վերածվի Հանրապետականի դուբլ կարգավիճակի»:
Հարցին՝ ի՞նչ սխալներ չէր կրկնի ԵԿՄ ղեկավար ընտրվելու դեպքում, Խուդավերդյանն ասաց. «Ես արջերին չէի կերակրի զինվորի կերով, զինամթերքը չէի վերացնի, որ սահմանային գոտում իմ զինվորը չունենալով զենք՝ ծնկի գար հակառակորդի առաջ»:
Հիշեցնենք՝ ԵԿՄ վարչությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում կասեցվել էր նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։