Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը»,- ասաց նախարարը:

 

Այսպիսով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշմամբ սահմանվել է պատվաստանյութերի, հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղերի գնման կազմակերպման կարգը: Նշված կարգով գնման ընթացակարգի կազմակերպումը հանգեցնում է դեղերի և պատվաստանյութերի անընդմեջ ապահովման խնդիրների: Այդ նպատակով, սույն նախագծով առաջարկվում է կատարել կարգում փոփոխություններ, մասնավորապես, հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մի մասը գրանցված չեն ՀՀ-ում, ուստի որպեսզի հնարավորություն լինի ձեռք բերել կենսական նշանակության բոլոր պատվաստանյութերը նպատակահարմար է սույն որոշմամբ նախատեսվող գնումների վրա չկիրառել ՀՀ 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները: Միաժամանակ, առաջարկվում է նաև 2018-2022թթ. պատվաստանյութերի ձեռքբերումը իրականացնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով' ՀՀ պետական բյուջեի «Իմունականխարգելման ազգային ծրագրի» գումարները որպես դրամաշնորհ տրամադրելով վերջինիս: