Ատոմային էներգետիկայի վետերանների խորհրդի նախագահ, ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանի կարծիքով՝ երկրորդ էներգաբլոկի ամբողջական գործարկումը եթե նշված ժամկետից թեկուզ մեկ օր ուշ ավարտվի, ապա միայն այդ մեկ օրը Հայաստանին 240 մլն դրամի վնաս կպատճառի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազատյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Ատոմակայանում ահռելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում: Աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսված է դեկտեմբերին: Եթե մեկ օր անգամ ուշանա, 240 մլն դրամի վնաս ենք կրելու»,-ասաց Ազատյանը:
Ազատյանի կարծիքով՝ ինչպես ցանկացած ոլորտում, այս ոլորտում էլ խնդիրներ կան, սակայն դա անթույլատրելի է: Նա նաև ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստման կարիք է տեսնում:
Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ս.թ. ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին, էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի ս.թ. դեկտեմբերի 1-ին: