Հեռուստատեսության և ռադիոյի վետերանների ակումբի ստեղծողները այժմյան հեռուստատեսությունում և ռադիոյում հայոց լեզուն մասամբ աղճատված են համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում ակումբի ղեկավար Համլետ Մանուկյանը նշեց, որ տերմինաբանությունը պետք է դարձնել հայերեն, քանի որ նախադասություններ են հնչում, որոնց 70 տոկոսը օտար բառեր են:
Բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, իր հերթին, առանձնացրեց այն փաստը, որ բոլոր հեռուստաալիքներով զգացվում է մշակութային հաղորդումների պակասը:
«Որպես գրող ես ցանկանում եմ ասել, որ գրական հաղորդումների պակաս էլ է զգացվում, բայց մեր ազգը պոեզիա սիրող է»,- ընդգծեց Բլբուլյանը:
Համլետ Մանուկյանը անդրադառնալով նաև իրենց ակումբի իրավունքներին' նշեց, որ իրենց թույլատրվում է ունենալ սեփական հիմնարկներ, տնտեսական, առևտրային գործունեություն ծավալել: «Այս իրավունքների շնորհիվ մենք կկարողանանք նաև սեփական աշխատանքով մարդկանց ապահովել: Հավատացած եմ նաև, որ կունենանք հովանավորներ»,- ասաց Մանուկյանը:
Եզրափակելով խոսքը' նա հույս հայտնեց, որ ընկերությունը կկարողանա նաև ֆինանսական օգնություն ցույց տալ իրենց վետերաններին: