Թեեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին որոշում է կայացրել կասեցնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը, սակայն տեղի բնակիչները պնդում են, որ շինարարությունը շարունակվում է:

Econews.am-ի  փոխանցմամբ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլեւ նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերեւա, որ աշխատում է»,- ասել է բնակիչներից մեկը:

 

Դրանից հետո Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անձամբ այցելել է «Արմօյլ» ՓԲԸ գործարանի տարածք՝ ծանոթանալու խնդրին: Վերջինս նշել է, որ եթե պարզվի, որ գործարանը նավթավերամշակում է իրականացրել, այսինքն առանց թույլտվության գործունեություն է ծավալել, դա պետք է հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: