Այսօր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ընտրված նախագահն է:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա պատգամավորն ասաց, թե նա դեռ չի հաստատվել ընդդիմության լիդերի պաշտոնում:

«Ընդդիմության լիդերը բավականին բարձր պաշտոն է, և դա այսքան արագ չի ձևավորվում: Մի 5-6 ամիս հետո կերևա իրական ընդդիմության առաջնորդը' դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, որովհետև ընդդիմադիր դաշտում բավականին խարիզմատիկ լիդերներ կան, և հնարավոր է, որ նրանցից որևիցե մեկը լինի»,- ասաց Հ. Հարությունյանը, ում խոսքով' այսօր ընդդիմության լիդերի պաշտոնի համար մրցակցություն է գնում:

Ըստ նրա' դեռ հարց է, արդյո՞ք նա կարող է մնալ ընդդիմության լիդեր: «Եթե կարողանա մնալ՝ ես կողջունեմ, եթե այդքան քաղաքական հեռատեսություն ունենա, այ ես կողջունեմ»:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք փոխզիջումների կգնա Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունների հետ կամ իշխանությունները' Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հավանակա՞ն են արդյոք նման զարգացումները, նա պատասխանեց. «Նախ՝ ես Րաֆֆի Հովհաննիսայնի հայերենը լավ չեմ ընկալում, որովհետև ես երբեք չեմ լսել, դուք, օրինակ, լրագրող եք, ժուռնալիստիկան եք ավարտել, դուք լսե՞լ եք, որ նա բարդ ստորադասական նախադասություն կարողանա ձևակերպել: Ասեք անկեղծորեն, որ հասկանաս, ի՞նչ ա ասում: Եթե նրա մտքի շարունակությանը նայեք, իրար հետ կապ չունեցող նախադասություններ է ասում' այո’, մեկ ստեղից ա թոխրում… թոխուրը գիտե՞ս ինչ ա: Ես չգիտեմ, թե ինքն ի՞նչ ա ուզում, որպեսզի էդ զիջումների մասին… Էդ Մարդը մի բան ա ուզում՝ նոր նախագահի հրաժարական կամ ճանաչել իրեն' որպես հաղթող, որը չի լինում, որովհետև իրա ձայները… կամ էլ նոր նախագահական ընտրություններ, ուրիշ ի՞նչ ա ուզում, որպեսզի մենք զիջումների գնանք: Իհարկե, շատ լավ կլինի, որ փոխադարձ հասկացողության պայմաններում… Հո Րաֆֆին ուրի՞շ մարդ չի, հայ մարդ ա, մեր Րաֆֆին ա, բայց ես չեմ հասկանում Րաֆֆիի ներկայացրած պահանջները' փոխզիջման տեղ թողնո՞ւմ ա, թե՞ չէ' ըստ ձեզ: Կարծում եմ, որ՝ ոչ: Փոխզիջման տեղ չկա»:

Պատգամավորի խոսքով' Ր. Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասել է, որ հրաժարական տա: «Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասել է, որ հրաժարական տա, դա լուրջ բա՞ն է… կամ նոր ԱԺ ձևավորի, ի՞նչ է՝ Րաֆֆին ինձնից լավ տղա է, Րաֆֆին ինձնից շատ ծառայություններ ունի՞ այս երկրին մատուցած»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: