ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի մասին հայտնի է դարձել Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում:
2013-2015 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանն, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ: Իրենց երկու ամսվա նպաստն, ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:
Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ: